BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Լավ է` դրոշն էլ չէին շփոթել

Լավ է` դրոշն էլ չէին շփոթել
19.07.2013 | 12:17

Կազանում ավարտվեցին ամառային ուսանողական քսանյոթերորդ խաղերը: Դրանք աննախադեպ էին թե՛ իրենց ծավալներով, թե՛ մասնակից երկրների, թե՛ ներգրավված մարզաձևերի թվով: Վստահաբար կարելի է ասել, որ ռուսներն ամեն ինչ արեցին համաշխարհային հանրությանը բարձր մակարդակով ներկայանալու համար և հաջողեցին ոչ միայն կազմակերպական հարցերում: Խաղերն անցան նրանց բացահայտ առավելությամբ: Ռուս ուսանող մարզիկները շահեցին ռեկորդային` ընդհանուր թվով 292 մեդալ, որոնցից 155-ը` ոսկե, 75-ը` արծաթե, 62-ը` բրոնզե: Երկրորդ և երրորդ տեղերում էին նախորդ խաղերի հաղթող Չինաստանի (26-29-22) ու Ճապոնիայի ուսանողական ընտրանիները (24-28-32):

Խաղերին մասնակցեցին նաև հայ ուսանողները: Մեր պատվիրակությանը միակ ոսկին բերեց 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (հիշենք, որ նախորդ ունիվերսիադայում էլ մեր ունեցած ոսկին մեկն էր, և այն նվաճել էր ծանրորդ Աղասի Աղասյանը):
Ցավոք, թյուրիմացության, թե մեկ այլ պատճառով (կարծում եմ` գլխի եք ընկնում պատճառի հարցում), մեր հաղթանակի ուրախությունը ստվերվեց. կազմակերպիչները շփոթել էին իրենց ռազմավարական դաշնակցի օրհներգը:
Ակնհայտորեն` ռազմավարական նպատակներից ելնելով:
Ի պատասխան ի՞նչ է արել մեր պատվիրակության ղեկավարությունը:
Շատ արմատական քայլ:
Նույն այդ ռազմավարական շահերից ելնելով` բերանը ջուր է առել ու ակնհայտորեն գոհացել, որ գոնե դրոշն էլ չեն շփոթել:
Իսկ ինչո՞վ սա հաղթանակ չէ, իմ սիրելի բարեկամներ:
Այնպես որ, մի շտապեք եզրակացնել, թե եղածն ազգային ու համազգային նշանակության խաղք ու խայտառակություն է, որ եթե մեր տեղը լինեին վրացիները կամ ադրբեջանցիները…
Նախ` նրանք իրենց տեղում են, ու եկեք հարցը քննարկումից դուրս համարենք, որովհետև մեր` մեր տեղում չլինելը հիմք չէ նրանց` իրենց տեղում լինելու հարցը քննության առնելու համար: Դա տեղին կլիներ, եթե հասուն գլուխներ լինեին մեր պատվիրակության գլխին, իսկ այլ պարագայում, որն է դառը իրականությունը, ամեն ինչ ներելի է: Հետևաբար, մեզնից պահանջվող միակ բանը համբերությունն է, միայն ու միայն համբերությունը:
Սակայն սա էլ չէ կարևորը:
Շատ ավելի կարևորն այն է, որ երկիր ժամանելուն պես նրանց կշտապենք դիմավորել արևաշող դեմքերով, հետո նրանք մեզնից փոխառնված այդ նույն արևաշող դեմքերով կհայտնվեն էկրաններին, ու թե հանկարծ հարկ լինի ու մեկը թյուրիմացաբար «թյուրիմացության» հարցը մեջտեղ բերի, հարվածային զեկույցներ կտան «անպատեհությունը» հետնաբեմերում շտկելու ուղղությամբ գործադրած իրենց տիտանական ջանքերի մասին, ու ամեն ինչ կլղոզվի, կգնա:
Այդ ի՞նչը չի մարսվել մեզանում, որ այս մեկն էլ չմարսվի:
Արյուն չպղտորենք, անցնենք առաջ:
Կազանից մերոնք գալիս են նաև չորս արծաթով ու երկու բրոնզով: Արծաթ են նվաճել ըմբիշներ Դավիթ Սաֆարյանը (66 կգ, ազատ ոճ) և Արթուր Ալեքսանյանը (96 կգ, հունահռոմեական ոճ), բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ քաշային կարգ), շախմատիստ Զավեն Անդրիասյանը, բրոնզ` Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ, հունահռոմեական ոճ) և բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը:
Եթե կարճ կապելու լինենք, էս է մեր ունեցածը:
Լավատեսները, բնականաբար, մեդալ կամ մեդալներ կարող էին ակնկալել նաև մեր ծանրորդներից, եթե իրական պատկերացում չունենային մարզաձևում եղած գործերի վիճակից: Ցավոք, այստեղ վաղուց է, որ ամեն ինչ վարդագույն չէ, ու պատահական էլ չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հանդիպում է եղել ոլորտի պատասխանատուների հետ, որտեղ, ըստ «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացրածի, Գագիկ Ծառուկյանը մեղմ, հորդորող տեսքով փորձում էր հասկանալ, թե ի՞նչն է պակասում լավ հանդես գալու համար, երբ ամեն ինչ արվում է:
Հասկանալի է, չէ՞, հեռուստաընկերության խցիկից դուրս ինչ «շոյող» խոսքեր են հնչել ոլորտը ձախողողների հասցեին ու իրավամբ են հնչել, որովհետև, որքան մեզ հայտնի է, հայկական սպորտում, ըմբիշներին հավասար, ծանրորդները դժգոհելու բան պիտի որ չունենան։
Լավ:
Ծառուկյանի միանգամայն տեղին օգտագործած բառն ու բանը թողնենք մի կողմ ու փոքր-ինչ առաջ ընկնելով ասենք, որ զուր տեղը հույսեր չփայփայեք առաջիկայում սպասվելիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեր հնարավոր մասնակցությունից: Այստեղ մենք մարզիկներ հանելիս լավագույն դեպքում մասնակցություն կարող ենք ունենալ B և C խմբերում:
Տխո՞ւր է:
Տխուր է:
Բա այլ մարզաձևերից ներկայացուցիչներ չենք ունեցե՞լ ունիվերսիադայում` կարող է հարցնել ընթերցողը:
Պատասխանում եմ` ունեցել ենք: Սակայն չեմ ասի, թե ինչ մարզաձևերից ու քանի մասնակից, որովհետև, եթե այդ ու ընդհանրապես ունիվերսիադայի մասին լռում է ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, ես ինչո՞ւ պիտի պարտավորված լինեմ այդ մասին իրազեկելու: Ես ընդամենը «Իրատեսի» մարզական էջի պատասխանատվությունը սիրողական մակարդակով ստանձնած մարդ եմ ու անում եմ այնքան, որքան կարողանում եմ:
Եթե տեսնում եք, այս անգամ անդրադարձ անգամ չեմ կատարում այլ հավաքականների կազմում մասնակցած ու մեդալներ բերած հայազգի մարզիկներին (թեև նախորդ նյութում մի քանիսին «սխալմամբ» հիշատակել եմ), ովքեր մարզական այս կամ այն իրադարձության լուսաբանման ժամանակ մշտապես եղել են իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, որովհետև միամտաբար կարծել եմ, թե արածս անհրաժեշտություն է մարդկանց ոգևորելու, ոգին բարձրացնելու, երկրի հիմնի ու դրոշի նկատմամբ հարգանք ու խոնարհում ձևավորելու, դաստիարակելու համար: Թե ինչու այս անգամ այսպես եմ վարվում, թողեք մնա իմ իմանալիքը ու ընդամենը ասել` եթե պատկան կառույցները չեն հոգում այդ մասին, ուրեմն, կարո՞ղ եմ ենթադրել, որ չկա խնդրի կարևորությունը… Ա՜խ, չեք պատկերացնում, թե սրտումս ինչ է կատարվում էս անտեր տողերը գրելիս: Ստացվում է, որ ինձ էլ ե՞ն հաշվառել անտարբերների իրենց ցուցակի մեջ:
Չէ՛, ժողովուրդ ջան, հանձնվող չկա: Սա մոտավորապես նույնն է, ինչ ֆիդայիներն էին կռվի ելնելիս ասում` զարկվողը դավաճան է: Պարզապես դեռևս հույս ունեմ, որ բողոքի էս ձևը պտուղ կտա:
Ինչ վերաբերում է այլ հավաքականների կազմում ունիվերսիադային մասնակցած հայազգի մյուս մարզիկների ելույթներին, խմբագրությունում հեռախոսիս համարը գիտեն, կզանգեք` կասեմ:
Լավ եղեք:
Առաջն Աստվածն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ. Նախորդ նյութիս հետգրությունները նույնությամբ մնում են ուժի մեջ: Անհարմար է, թերթ կարդացեք:

Դիտվել է՝ 1345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ